Ընդունելություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» հերթական ուսումնական  ծրագիրը կսկսվի 2017թ. սեպտեմբերին և կավարտվի 2018թ. հուլիսի վերջին:

2017-18թթ. ուսումնական ծրագրի ընդունելության մրցույթի համար դիմորդների գործերը կընդունվեն 2017թ.մայիսի 15-ից մինչև հունիսի 16-ը, իսկ ընդունելության քննությունները կանցկացվեն 2017թ. հուլիսին: 

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N1191-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում: 

(Ուշադրություն. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը փոփոխվել է ՀՀ կառավարության` 2016թ. ապրիլի 28-ի N411-Ն որոշմամբ և այժմ ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ընդունված բոլոր մասնագիտությունները:)

Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: 

Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում (լրացվում է առցանց, հանձնվում է նաև տպագրված)
  2. Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով (200-350 բառ, մինչև 1 էջ),
  3. Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (200-350 բառ, մինչև 1 էջ),
  4. 2 լուսանկար (3x4սմ),
  5. Անձնագրի պատճենը,
  6. Առողջական վիճակի մասին ուսման համար սահմանված ձևի տեղեկանք` քաղվածք ամբուլատոր քարտից*,
  7. Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը
  8. Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը (արական սեռի դիմորդների համար)
  9. Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:

Դիմորդները մրցույթի մասնակցության դիմումը լրացնում են առցանց և դիմումի տպագրված և ստորագրված տարբերակը պահանջվող մյուս փաստաթղթերի հետ անձամբ ներկայացնում Դիվանագիտական դպրոց:

Բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները հրավիրվում են գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները հանձնում են ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս են կազմում հանրագումարային գնահատականի:

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները ստանում են ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:

Դասընթացն անցկացվում է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվում են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. մայիսի 15-ից մինչև հունիսի 16-ը ներառյալ 1) լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը վերը նշված հղումով, ապա 2) անձամբ հանձնել փաստաթղթերը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օր` ժ. 14.00-17.00:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221 կամ 060620254 հեռախոսահամարներով և contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով: 

 

* Դիմորդները չպետք է ունենան «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդություն: